երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր դատախազին

Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր դատախազին

«Տիկին գլխավոր դատախազ, ափսոսում եմ, ախր շատ երիտասարդ եք, դեռ տասնամյակներով Հայաստանում ապրելու եք, գեներալի ուսադիրն ունեք, խի՞ եք ձեզ դնում այս վիճակում դնում»,-ԱԺ-ում արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդագրի քննությանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա մի քանի հարցեր ուղղեց դատախազին. «Առգրաված զենքերի մեջ կա՞ն անօրինական զենք, եթե կա, քանի անօրինական զենք կա։ Քրեական գործում կա՞ որևէ փաստական տվյալ, որ ծրագրվել է վառել քաղաքացիական ավտոբուսներ։

«Կտամ, կսպանեմ» արտահայտությունը, որը հաճախ օգտագործում է շատերիս կողմից, քրեորեն հետապնդել արա՞րք է։

Ուզում եմ հասկանալ՝ Արթուր Սարգսյանին ի՞նչ եք մեղսագրում»։

Դատախազն ասաց. «Միջնորդությունը ներկայացնելիս ավտոբուս վառելու դրվագ չեմ ասել, ասել եմ վառել ավտոմեքենաներ։ Դրանից չի փոխվում երևույթի էությունը։ Անօրինական զենքի հետ կապված... Մեր մեղադրանքը չի վերաբերում ապօրինի զենք պահելուն, վերաբերում է իշխանությունը զավթելուն և ահաբեկչությանը։

Եթե ուղղակի կոնտեքստից կտրված ասեք՝ կտամ, կսպանեմք, որևէ հիմք չկա ձեզ այս պահին որևէ մեղադրանք առաջադրելուն, բայց այն ամբողջ կոնտեքստը, որը ներկայացված է մեղադրանքի մեջ, ուղղակի բառ չէ, քննարկում է, պլանավորում է, կոնկրետ ներդրում է ծրագրի մեջ»։

Մանուկյանը շնորհակալություն հայտնեց դատախազին. «Արձանագրեցիք, ՔՊ պատգամավորներ ուշադիր, քրեական գործում ավտոբուս վառելու որևէ փաստ չկա»։

  • Կիսվել: