շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի

ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի

Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն:  «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հուլիսի 14-ի արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր:

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը:

«Առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավորի քարտուղարի պաշտոնի համար, որը դիվանագիտական պաշտոն է, կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ: Իսկ դիվանագիտական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է  10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շրջանակը պետք է մեծացվի:

Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:

Ըստ հեղինակի՝ օրենքի փոփոխությունը շատ կարևոր է ԱԳՆ-ի հետագա գործունեության համար:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը:

  • Կիսվել: