երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների մեծ մասը խախտվել է. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների մեծ մասը խախտվել է. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ եղել են պայմանավորվածություններ, սակայն Ադրբեջանը դրանք խախտել է: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի զինվորականները ավելի շուտ են դիրքավորվել, կանգնել են հայկական տարածքներում,  իսկ մերոնք ուշացել են:

«Ընդհանուր առմամբ, նախապես տարբեր քննարկումներ են եղել, քննարկվել են եղած բոլոր հարցերը, որոշումներ են կայացվել, որոնց համապատասխան պետք է գործողություններ իրականացվեն: Գործողությունների իրականացման ընթացքում նաեւ եղել են պայմանավորվածություններ ադրբեջանական կողմի հետ, թե ինչպես ենք կազմակերպելու: Բնականաբար,  Ադրբեջանը պայմանավորվածությունների մեծ մասը խախտել է եւ  դրանց խախտման պատճառով առաջացել է այս իրավիճակը: Հիմա հետաքննություն է կատարվում, որ հասկանանք, թե որոնք է եղել մեր կողմից բացթողումները»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այնպես չէ, որ մենք չէինք սպասում, որ այդ պայմանավորվածությունները կարող են խախտվել, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Համակարգային խնդիրներ են եղել, որի համար հետաքննություն է կատարվում՝ պարզելու , թե որոնք են եղել մեր համակարգային խնդիրները»:

Նա նաեւ նկատեց, որ այդտեղ կա դելիմիտացված սահման եւ դա հայտնի է բոլորին. «ԽՍՀՄ շրջանում դելիմիտացված սահման է, որը Ալմաթիի հռչակագրով դարձել է միջպետական սահման: Կարծում եմ՝ բոլորը արդեն արձանագրել են, որ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի տարածքում: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ նրանք դուրս գան»,- ասաց նա:

  • Կիսվել: