Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է. Ալիև
Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է APA-ն:
Նա նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել»:
«Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը իրականություն է»,-հավելել է Ալիևը:
Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, դիմելով Ալիևին ասել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ Դուք հանդես եք եկել Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ:
Եվրոպական Միությունը բարձր է գնահատում Հայաստան էլեկտրական կաբել անցկացնելու առաջարկը և այն դիտարկում է տարածաշրջանային ենթակառուցվածքային փոխկապակցվածության զարգացման համատեքստում»:
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր և ամեն օր: Եվրոպական Միությունը հավատում է տարածաշրջանի պայծառ ապագային և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրոպայի, Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդմանը»:



