ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Աբսուրդ է՝ ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն․ Լևոն Քոչարյան

Աբսուրդ է՝ ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն․ Լևոն Քոչարյան

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ մեր երկրում տեղի ունեցող իրավապահների գործողությունները, իշխանությունների մոտեցումները, երբ ինչ–որ բաներ կարող են կամ օդից հորինվել, կամ եղածը  այնպես շուռ տալ, այնպես ներկայացնել, չափազանցված, կոնտեքստից կտրված։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ գլխավոր դատախազը ԱԺ է ներկայացրել միջնորդություններ՝ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Այնպես որ, ոչ մի վստահություն չեն ներշնչում իրենց բեարծ միջնորդությունները։ Ես ավելի շատ կարդացել եւ կենտրոնացել եմ Արթուր Սարգսյանի հետ կապված հարցին, որովհետեւ այդտեղ կալանքի հարց էլ կա, բացարձակ աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ցույցեր նախապատրաստելը, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելու, խոսելու երեւույթները ներկայացնել որպես ահաբեկչություն։ Սա ուղղակի աբսուրդ է։ Մենք ավելի մանրամասն կխոսենք նիստի ընթացքում, երբ հնարավորություն կունենաք հարցեր տալու դատախազին»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր նկատմամբ էլ նման միջնորդություն լինի, քանի որ գաղտալսված խոսակցություններում շոշափվել է նաեւ իր անունը, Լևոն Քոչարյանը ժպիտով ասաց. «Այս աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իրավական առումով իհարկե, մառազմ կլիներ ինչ–որ ձեւով ինձ ներքաշելը այս պրոցեսի մեջ։ Չի եղել որեւէ խոսակցություն իմ կողմից, ընդհանրապես որեւէ մեկի, ներառյալ Բագրատ Սրբազանի հետ որեւէ բանի շուրջ, որը կարող է որեւէ խնդիր ունենալ քրեական օրենսգրքի որեւէ հոդվածի հետ»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մեծ աղմուկով ներկայացվել են, հետո փլվել են շատ արագ. «Օրինակ, անցած տարի Հրաչյա Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու հետ կապված դեպքը։ Մեծ աղմուկով սկսեցին, տարան կալանքի, վերջում փլվեց, մեկ տարի հետո կարճվեց, տակը բան չկար։ Նույնը Ալբերտ Բազեյանի հետ կապված գործն է եղել։ Այսինքն իրենց խնդիրը աղմուկ ստեղծելն է։ Որովհետեւ կա նախաքննական գաղտնիք, ինչ–որ ձայնագրություններ են ունենում, էստեղից–էնտեղից կտրում են, իրենց հարմար մասերը դնում են, շարունակությունը չեն դնում։ Վախ են ուզում սերմանել, ընդդիմության են ուզում վարկաբեկել։ մենք դրա փորձն ունենք նախկինում»։

  • Կիսվել: