Պետք չէ հանձնվել, լսել մարդկանց, որոնք փորձում են կոտրել քեզ. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը մարտական է տրամադրված մրցույթին
Յուրահատուկ երաժշտական ոճ, սրտին դիպչող ձայն, հմայիչ ժպիտ և խարիզմա։ Հավանաբար, հենց այս գործոնների շնորհիվ երիտասարդ երգիչ Պարգը (Պարգև Վարդանյան) հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում և Հայաստանն է ներկայացնելու «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում։
Պարգը ոգևորված է, մարտական է տրամադրված և հավատում է՝ եվրատեսիլյան Survivor երգը, որը հորդորում է չհանձնվել, շատերի հոգուն կհասնի։
«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել երգչի հետ զրուցելու, նրա գործունեության մասին նոր մանրամասներ բացահայտելու և Պարգին հաջողություն մաղթելու հնարավորությունը։
-Բարև Ձեզ, Պարգ։ Շնորհակալ եմ, որ այս գերզբաղված օրերին ժամանակ եք գտել մեզ համար։ Ինչպե՞ս եք, ինչպե՞ս է տրամադրությունը։
-Բարև Ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Տրամադրությունը լավ է, երբեմն շատ հոգնում եմ, բայց շատ լավ եմ, պատրաստ եմ մրցույթին։
-Շատ քիչ ժամանակ է մնացել «Եվրատեսիլ 2025»-ին, որում ներկայացնելու եք Հայաստանը։ Նախապատրաստական ի՞նչ փուլում եք այժմ։
- Ամեն օր մարզվում եմ, կարդիո պարապմունքների եմ հաճախում, քանի որ ելույթս շատ շարժուն է լինելու։ Շատ կարևորում եմ նաև վոկալի դասերը. մասնագետի հետ մանրամասն աշխատում ենք երգի կատարման վրա։
-Տարիներ շարունակ հետևում եմ մրցույթին և եկել եմ այն եզրակացության, որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի է։ Երբեք չես կարող ասել մեղեդային երգը, մինիմալիստական լուծումներով բեմադրությունը, թե աշխույժ, պարային գործը կհաղթի։ Ձեր Survivor երգն ընտրելիս՝ մտածե՞լ եք այդ մասին։
-Ինձ թվում է՝ իսկապես չես կարող իմանալ, թե որ երգը կարող է դիպչել, դուր գալ մարդկանց, բայց աշխատելիս ցանկանում էինք այնպիսի գործ ստանալ, որը հեշտությամբ կերգեն, ուզում էինք՝ գոռան։ Ցանկանում էինք՝ այնպիսի ստեղծագործություն լինի, որ բոլորին էլ իմաստը մոտ լինի, որ ամեն մարդ իր սրտին մոտ բան գտնի տողերում։
-Survivor. կոչ եք անում չհանձնվել, չկոտրվել։ Երաժշտական գործունեության ընթացքում կամ առհասարակ կյանքում Ձեզ փորձե՞լ են ճնշել, ընկճել։
-Ինչպես շատերի, այնպես էլ իմ կյանքում նման իրավիճակներ եղել են։ Երբ փոքր էի և երգում էի, պարում, ասում էին՝ դա լուրջ չէ։ Ինձ թվում է՝ այդ քննադատություններն ինչ-որ չափով մնացել են իմ ներսում, սակայն երգը գրելիս այդ մասին չեմ մտածել, բայց, երբ վերլուծում եմ ընթացքը, մտածում այդ ուղղությամբ, հասկանում եմ, որ այդ ամենը նպաստել է երգի ստեղծմանն ու արտացոլվել է երգում։ Երբեք պետք չէ հանձնվել, պետք չէ լսել մարդկանց, որոնք փորձում են քեզ կոտրել, ասել, որ չես կարող այս կամ այն անել, որ երգելը կամ պարելը քեզ համար չեն և այլն։
-Իսկ ինչպե՞ս եք հաղթահարում ճգնաժամերը, ինչպե՞ս եք ոգևորում ինքներդ Ձեզ, ովքե՞ր են մշտապես Ձեզ աջակցում։
-Ինձ միշտ աջակցել են ծնողներս։ Նրանք ինձ սատարեցին, երբ ընդունվեցի Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Այդ աջակցությունն ինձ շատ է օգնել, և երբեք չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին։ Ծնողներս ասում են՝ արա այնպես, ինչպես զգում ես։ Կինս ևս իմ կողքին է, իմ թիմը, ընկերները, երաժիշտները, ինչն ինձ թևեր է տալիս։
-Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Ձեր երաժշտությունը։
-Լավ հարց է, բայց դժվար է պատասխանել, որովհետև մինչ օրս չեմ կարողանում միանշանակ ասել, թե երաժշտական ինչ ժանրում եմ ստեղծագործում։ Փորձում եմ համադրել հայկական մեղեդիներն R&B-ի, հիփ-հոփ հետ։ Դեռ որոնումների, փնտրտուքների մեջ եմ։ Ցանկանում եմ հենց իմ երաժշտությունը, իմ երաժշտության ձայնը գտնել։
-Կասկած չունեմ, որ կհաջողեք, որովհետև փորձարարությունների արդյունքում միշտ հետաքրքիր գործեր են ծնվում, երաժշտական ուղղություններ ստեղծվում։ Անդրադարձաք թատերական կրթությանը։ Մտածե՞լ եք թատրոնի, կինոյի մասին, թե՞ երաժշտությունը Ձեզ համար առաջնային է։
-Երաժշտությունն առաջին տեղում է, բայց շատ կցանկանամ նկարահանվել կինոնկարում, աշխատել թատրոնում։ Գիտեմ, որ դա մեկ այլ ճանապարհ է՝ լի դժվարություններով։ Այդ բնագավառներում ևս պետք է հնարավորինս էներգիա ներդնել, և ես բաց եմ տարբեր առաջարկների համար։
-Ձեզ բացահայտել եմ մի քանի տարի առաջ երևանյան Project 12 խմբի շնորհիվ։ Գիտեմ, որ Վոլգոգրադում, որտեղ անցկացրել եք Ձեր կյանքի մեծ մասը, ևս խումբ եք ունեցել։ Կարծես թե, բոլոր նախադրյալները եղել են Ռուսաստանում գործունեությունը շարունակելու համար։ Ո՞ր քամիները Ձեզ վերադարձրին Հայաստան։
-Ունեցել եմ տարբեր նախագծեր և շատ շնորհակալ եմ այդ անցյալի համար, որովհետև այդ ամենի շնորհիվ ձևավորվել է այսօրվա Պարգը։ Իմ առաջին նախագիծը Wild Kids-ն էր, հետո՝ Хроники Края-ն։ Վոլգոգրադը փոքր քաղաք է, և եկավ մի պահ, որ անհրաժեշտ էր մտածել ապագայի մասին, մտածել, թե որն է լինելու հաջորդ քաղաքը։ Այդ շրջանում ծանոթացա իմ պրոդյուսերի՝ Մարտին Մուրադյանի հետ և որոշեցի տեղափոխվել հայրենիք՝ Հայաստան։ Շատ ուրախ եմ, որ նման որոշում կայացրի։
-Մինչ Հայաստան գալն ուսումնասիրե՞լ էիք տեղի երաժշտական դաշտը։ Գուցե, կար բաց, որը հենց Դուք պետք է լրացնեիք։
-Ծանոթ էի Բրյունետի, Yellowheart-ի երգերին։ Իմ խմբի հետ հասցրել էինք Հայաստանում մասնակցել «Սևան մյուզիք ֆեստ»-ին։ Նկատել էի, որ այստեղ հետաքրքիր արտիստներ կան, և մարդիկ պատրաստ են նոր երգիչների դիմավորել, վստահ էի, որ երիտասարդությունը կընդունի, կսիրի, ուստի որոշեցի փորձել։
-Ձեր երգերն ինքնատիպ են, հետաքրքիր։ Ինչպե՞ս են ծնվում։ Գիտեմ, որ միշտ մասնակցում եք ստեղծագործական ամբողջ ընթացքին։
-Պատահում է՝ երգը գրվում է բանաստեղծության հիման վրա, բայց իմ ամենասիրած երգն ամբողջությամբ ես եմ գրել։ Գրվել է երաժշտությունը, հետո՝ բառերը, ծնվել է այն, ինչ եկել է իմ սրտից։
-Ո՞ր երգի մասին է խոսքը։
-Խոսքը «Քո մոտ» երգի մասին է։ Այն իմ ամենասիրած ստեղծագործություններից է. իմ կյանքի մասին է, այն է, ինչ զգացել եմ։ Երգն ամբողջությամբ իմ սրտից է ծնվել։
-«Կուզե՞ս կրակ դառնամ, կուզե՞ս դառնամ կաթիլ»։ Ձեր երգերից մեկի տողերն են։ Ձեզ հաճա՞խ են խնդրում խենթությունների դիմել։
-Չեն խնդրում, բայց իմ կնոջ համար պատրաստ եմ և՛կրակ դառնալ, և՛ դառնալ կաթիլ, ամեն ինչ անել, որ մեր կյանքում ամեն բան լավ լինի։
-Վստահ եմ, որ դա փոխադարձ է։ Վերադառնանք «Եվրատեսիլ»-ին։ Մրցույթի մասնակցի համար մեծ նշանակություն ունեն նախամրցութային ելույթներն աշխարհի տարբեր երկրներում։ Հետևելով «Ինստագրամ»-ի Ձեր էջին՝ տեսնում եմ, որ Ձեզ շատ լավ են ընդունում արտերկրում։ Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել, ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Մարդիկ շատ ջերմ էին։ Շատ ուրախ ենք Ամստերդամում և Մադրիդում կայացած համերգների համար։ Մեզ շատ լավ ընդունեցին, ելույթները լավ անցան, շատ հարցազրույցներ տվեցի, հետաքրքիր ծանոթություններ եղան, նաև մասնակիցների հետ մտերմացանք, համատեղ կարճ հոլովակներ ենք նկարահանել։ Ավստրալիայի ներկայացուցիչ Go-Jo-ի հետ եմ շատ ընկերացել, նրան անվանում եմ մեծ եղբայր։ Ամեն բան լավ էր կազմակերպված։
-Ձեզ համար կարևոր է հաղթանա՞կը, թե՞...
-Շատ կցանկանամ հաղթանակ բերել իմ երկրին, դա մեծ նշանակություն կունենա և՛ ինձ, և՛ Հայաստանի համար, բայց կարևոր է մաքսիմալ լավ ներկայանալ, որպեսզի ելույթիս տեսագրությունը նայելիս չասեմ՝ այս հատվածում կարող էի այլ կերպ ներկայանալ և այլն, կուզեմ հնարավորինս էներգիայով լի ելույթ լինի, որպեսզի հանդիսատեսը գոհ մնա։
-Եվս մեկ անգամ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ փայլուն ելույթ եք ունենալու։ Բոլորս Ձեր կողքին ենք։
-Ես ևս շնորհակալ եմ։