Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո կորոշի ՌԴ-ի հետ բանակցություններին առնչվող հետագա քայլերը. AFP
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագրում է մայիսի 15-ին Անկարայում հանդիպել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո միայն նա որոշում կկայացնի, թե ինչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններում։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա։
«Նախագահն Անկարա իր այցը սկսում է Էրդողանի հետ (խմբ.՝ հանդիպումից) և միայն դրանից հետո նախագահը կորոշի հաջորդ քայլերը», - ասել է աղբյուրն այն բանից հետո, երբ ռուսական պետական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել պլանավորված բանակցությունների համար:
Նման տեղեկություն մայիսի 15-ին ավելի վաղ հայտնել էր «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կկայանա տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 14։00-ի)։
Մայիսի 15-ին Ստամբուլում պետք է տեղի ունենան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։