շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Զելենսկին ահազանգում է՝ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային

Զելենսկին ահազանգում է՝ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային

Նախօրեի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, զգուշացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք հետախուզությունից և մեր գործընկերներից գիտենք, որ ռուսները հրթիռներ են պատրաստել Ուկրաինային նոր զանգվածային հարվածի համար։ Դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր, նախնական տեղեկությունների համաձայն՝ այն սպասվում է 48 ժամվա ընթացքում»:

Զելենսկին ընդգծել է, որ հակաօդային պաշտպանությունն առաջնահերթություն է, և հույս է հայտնել, որ գործընկերներն անհապաղ կիրականացնեն բոլոր համաձայնագրերն ու կօգնեն այդ հարցում:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն աշնանը նոր զորահավաք է նախապատրաստում։ «Ներկայումս ռուսները ռազմաճակատում ավելի շատ զինվորական են կորցնում, քան հավաքագրում են, իսկ Պուտինը պլանավորում է ակտիվացնել հարձակումները և ընդլայնել այս պատերազմը։ Նրան էլի ռուսաստանցիներ են պետք գրոհներին մասնակցելու համար։ Մենք պետք է պաշտպանվենք բոլոր մակարդակներում՝ առաջնագծում, մեր երկարաժամկետ պատժամիջոցներով, միջին հեռահարության հարվածներով, մեր դիվանագիտությամբ»-Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: