ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան բանագնացների հանդիպումը: Յուրի Ուշակովը բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար է որակել տեղի ունեցած բանակցությունները:

Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում Օլեշկիի նմանությամբ հումանիտար գործողություն անցկացնելու՝ Կրեմլի առաջարկին:

Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կարևորվել է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու գաղափարը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը հուսով է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները նույնպես կաջակցեն անբաժանելի անվտանգության և խաղաղության նոր երկարաժամկետ պարամետրերին: ՌԴ նախագահի օգնականը կրկնել է՝ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել:

«Եվրոպացիներն ամեն կերպ ձգտում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է հստակեցնեն՝ խաղաղությո՞ւն են ցանկանում, թե՞ պատերազմի շարունակություն։ Առայժմ նրանց բոլոր քայլերը վկայում են վերջինի մասին», - հավելել է Ուշակովը։

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում և կշարունակեն ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները:

  • Կիսվել: