Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի արշավականներ, բնասերներ,
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։
Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։
Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։
Օրինակ՝
Ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար,
Միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների,
Իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։
Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա։
Խնդրում ենք լինել պատասխանատու և հոգատար։
Մի՛ քաղեք ծաղիկներ։
Մի՛ խախտեք կենդանի արարածների բնակավայրերը։
Մաքուր, առողջ և կայուն բնություն ունենալու գրավականը՝ նրա բնական անխաթարությունն է։ Եկեք միասին պահպանենք մեր բնության հրաշալիքներն ու դրանք անխաթար փոխանցենք նաև ապագա սերունդներին։
Շնորհակալություն համագործակցության և բնության հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքի համար»։