Վրաստանից Իտալիա է արտահանձնվել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման անդամը
Վրաստանի իրավապահները Իտալիա են արտահանձնել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման կալանավորված անդամին։ Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։
«Մաֆիա տիպի խմբին աջակցելու համար այս երկրի իրավապահ մարմինների կողմից տեղի է ունեցել հետախուզման մեջ գտնվող անձի արտահանձնումը Վրաստանից Իտալիա, որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր շրջաբերականի համաձայն»,- ասվում է զեկույցում։
Ինչպես նշվում է, ձերբակալվածը 2015 թվականից ակտիվորեն ներգրավված է եղել «Նդրանգետա»-ի գործունեության մեջ և հետախուզվում էր ապօրինի եկամուտների լվացման, համակարգչային համակարգեր ապօրինի ներթափանցման, կիբեր խարդախության, թմրամիջոցների ձեռքբերման, պահպանման և վաճառքի, ինչպես նաև հանցագործության մասին կեղծ հաղորդման մեղադրանքով:
Հոկտեմբերի 24-ին վրացական լրատվամիջոցները հաղորդում էին երկրում իտալական մաֆիայի առաջնորդներից մեկի՝ 67-ամյա Ջուզեպպե Սգանգայի ձերբակալության մասին, ով Իտալիայում 2020 թվականին հեռակա 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի կողմից հաստատված տեղեկությունների համաձայն՝ Սգանգան միջազգային հետախուզման մեջ է հայտնվել հանցավոր գործունեության մեղադրանքով (ինչպես մի քանի այլ դատապարտյալներ), որը նա իրականացրել է Թուրինում։
Ավելի քան 10 տարի առաջ Իտալիայի իրավապահ մարմինները պարզել են, որ ավանդաբար հարավային «Նդրանգետա» հանցավոր կազմակերպությունը երկար ժամանակ տարածել է իր գործունեությունը երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում։ «Նդրանգետան» համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումը։