շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանի վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստի  արարողությանը

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստի արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հարգանքի տուրք է մատուցել քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի հիշատակին՝ Թբիլիսիի Աստվածածին եկեղեցում, որտեղ տեղի է ունենում քանդակագործի հոգեհանգստի արարողությունը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Ծերեթելիին հրաժեշտ տալու են եկել նաև այլ վրացի քաղաքական գործիչներ։

Զուրաբ Ծերեթելին կյանքի 92-րդ տարում վախճանվել է ապրիլի 22-ին։ 

Ծերեթելին վրացի մոնումենտալիստ նկարիչ է, քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ։ 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն էր։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՌԴ ժողովրդական նկարիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։ 

Ծնվել է 1934 թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի (1995 թ.), Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահի (2000 թ.) և Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանի (Վրաստան, 2012 թ.) հիմնադիրն է:

Հեղինակ է գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-մոնումենտալ արվեստի ավելի քան 5000 ստեղծագործությունների (որմնանկարներ, խճանկարներ, պաննոներ): Որպես քանդակագործ նա ստեղծել է բազմաթիվ կոթողներ, որոնց թվում են «Բարեկամությունը հավերժ է»՝ Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին»՝ Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, «Նոր մարդու ծնունդը»՝ Սևիլիայում, «Քանդել անվստահության պատը»՝ Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը՝ Ռուզայում և ուրիշներ։ 

 

  • Կիսվել: