Վենեսուելան չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. նախագահի պաշտոնակատար
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի, թե ինքը «լրջորեն դիտարկում է» նման հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու ծրագրեր չունի, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Ռոդրիգեսը ելույթ է ունեցել Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ հարևան Գայանայի հետ Էսեկիբոյի տարածաշրջանի (հանքանյութերով և նավթով հարուստ ընդարձակ տարածք) շուրջ վեճի վերաբերյալ լսումների եզրափակիչ օրը:
«Մենք կշարունակենք պաշտպանել մեր ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պատմությունը: Վենեսուելան գաղութ չէ, այլ ազատ երկիր»,- ընդգծել է Ռոդրիգեսը, որն իշխանության է եկել հունվարին՝ ԱՄՆ ռազմական գործողությունից հետո, որի արդյունքում տապալվել էր Նիկոլաս Մադուրոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Fox News-ի եթերում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու հնարավորությունը»։


