Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները, տեղեկացնում է Bloomberg-ը:
Նրա խոսքով՝ փաստաթղթում շեշտը դրվում է ռուսական նավթի մատակարարման հետ կապված ծովային ծառայությունների լիակատար արգելքի, ինչպես նաև Ռուսաստան ավելի քան 360 միլիոն եվրո արժողությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման սահմանափակումների խստացման վրա՝ ներառյալ անվադողերը, տրակտորները և կիբեռծառայությունները։
Բաիցի այդ՝ սահմանափակումների կենթարկվի ևս 43 նավ. դրանց ընդհանուր թիվը կհասնի 640-ի։ ԵՄ-ն նախատեսում է սահմանափակել տանկերների գնումը «ստվերային նավատորմի» համար և արգելել դրանց սպասարկումը, ինչպես նաև սառցահատների և հեղուկացված բնական գազի տանկերների սպասարկումը՝ հեղուկացված բնական գազի ներմուծման գործող արգելքից բացի։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ պատժամիջոցները կազդեն կրիպտոարժույթների հետ կապված 20 ռուսական տարածաշրջանային բանկերի, ընկերությունների և հարթակների, ինչպես նաև պատժամիջոցների ենթարկված ապրանքների անօրինական առևտրով զբաղվող մի շարք օտարերկրյա բանկերի վրա։
Հաղորդվում է նաև, որ այլ միջոցառումներից են ավելի քան 570 միլիոն եվրո արժողությամբ մետաղների, քիմիական նյութերի և կարևորագույն հանքանյութերի ներմուծման արգելքը, պայթուցիկ նյութերի արտահանման սահմանափակումները և ներմուծումը կրճատելու համար ամոնիակի քվոտաների ներդրումը։


