Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար Պուտինի և Թրամփի հանդիպումն է պետք. Օրբան
Ուկրաինայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ես վստահ եմ, որ սա ասում եմ ավելի շուտ որպես հին աղվես, որը շատ բան է տեսել դիվանագիտության մեջ, և, ըստ էության, ավելի շատ, քան ներկայումս իշխանության ղեկին գտնվող եվրոպացիներից որևէ մեկը, որ հրադադարը և խաղաղությունն այստեղ (Ուկրաինայում- խմբ.) ձեռք կբերվեն, եթե տեղի ունենա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների անձնական հանդիպումը։ Այնպես որ հեռախոսը չի օգնի»,-ասել է Օրբանը Patriota YouTube-ալիքին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, եթե ուղիղ բանակցություններ սկսվեն, ապա հրադադարը «կարող է շատ արագ ձեռք բերվել», իսկ եթե «անձնական հանդիպում չլինի, ապա իրավիճակը նույնքան կոշտ կլինի, որքան հիմա է, դեռ շատ ու շատ ամիսներ»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից և կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում չի կարողացել առաջընթացի հասնել: Երկու առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 3-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի խոսքերն Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայության մասին, ասել էր, որ Մոսկվան ուշադրությամբ է վերաբերվում Թրամփի բոլոր հայտարարություններին: