Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ուղիղ բանակցություններ են պետք. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունները: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Պեսկովը Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ խոսքը իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցման մասին է:
«Պետք է ուղիղ բանակցություններ վարել հրադադարի հասնելու ճանապարհ գտնելու համար։ Հրադադարին պարզեցված մոտեցումն անընդունելի է»,-ընդգծել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Վլադիմիր Զելենսկին, սակայն, վերջնագրով է պատասխանել Պուտինի խաղաղ նախաձեռնությանը. նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի, և միայն այդ ժամանակ Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի մոտ: Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի իշխանություններին կոչ է արել «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն «առնվազն կորոշեն՝ հնարավո՞ր է արդյոք գործարքը»: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի օրը (մայիսի 15–ին) Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։