Ուկրաինան Ստամբուլի բանակցություններում խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզ կներկայացնի. Reuters
Վաղը՝ հունիսի 2-ին, Ստամբուլում նախատեսված բանակցություններում ուկրաինացի բանակցողները ռուսաստանյան կողմին կներկայացնեն կայուն խաղաղ կարգավորման հասնելու առաջարկվող ճանապարհային քարտեզը: Այս մասին ասված է փաստաթղթի պատճենում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։
Ինչպես հաղորդվում է՝ առաջարկվող «ճանապարհային քարտեզը» սկսվում է առնվազն 30 օր տևողությամբ կրակի լիակատար դադարեցումով, որին կհաջորդի յուրաքանչյուր կողմում պահվող բոլոր գերիների և Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տարված ուկրաինացի երեխաների վերադարձը, այնուհետև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նշվում է նաև, որ, ըստ պլանի, Մոսկվան և Կիևը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությամբ, կաշխատեն այնպիսի պայմանների մշակման ուղղությամբ, որոնց հիման վրա նրանք կկարողանան պայմանավորվել իրենց երեք տարի տևած պատերազմի լիակատար դադարեցման շուրջ։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ռուսաստանյան կողմին ուղարկել են խաղաղության համաձայնագրի նախագիծ՝ ստամբուլյան բանակցությունների նախաշեմին։