Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների. Ռուստեմ Ումերով
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են լիակատար և անվերապահ հրադադարի և Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների, հայտարարել է Ստամբուլում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ֆեյսբուքում այս գրառումը նա հրապարակել է ուկրաինական, թուրքական և ամերիկյան կողմերի եռակողմ հանդիպումից հետո.
«Այսօր մենք ժամանել ենք Ստամբուլ՝ գտնելու կայուն և արդար խաղաղության իրական ուղիներ։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստակամություն ցուցաբերի կոնկրետ գործողությունների, այդ թվում՝ առնվազն 30 օրով լիակատար հրադադար հաստատելու և մարդասիրական միջոցառումներ իրականացնելու համար, ինչպիսիք են բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը և ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»: