Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները. Զելենսկի
Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները: Այս մասին իր երեկոյան ելույթում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Նա նշել է, որ Ուկրաինան և գործընկերները քննարկել են երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասներն ու գաղափարները։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ կարևոր է, որ Ամերիկան շարունակի մասնակցել խաղաղության մերձեցման գործընթացին։
«Ի վերջո, հենց Ամերիկայից են վախենում» Ռուսաստանում, և ԱՄՆ-ն կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»,-ասել է Զելենսկին:
Նա նաև հավելել է. «Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսների հետ հաջորդ հանդիպումների մասին՝ ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է և՝ ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ»: