Ուկրաինան ԱԹՍ-ներով մասշտաբային հարվածներ է հասցրել ՌԴ ռազմական օդանավակայաններին
Այսօր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների: Այս մասին BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը, ըստ որի՝ պատերազմից ի վեր նման ամենամեծ հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։
Ինչպես հաղորդվում է՝ ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։
Համաձայն որոշ տեղեկությունների՝ անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը գրում է, որ հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):
Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը սոցցանցի իր էջում նշել է. «Աղբյուրը, որտեղից արձակվել են անօդաչու թռչող սարքերը, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»:
Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջինն էր Սիբիրում։
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։