չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուիթքոֆը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր հարցերի մասին

Ուիթքոֆը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր հարցերի մասին

Տարածքային հարցերը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը և Ուկրաինայի՝ Դնեպր գետ և Սև ծով ելքի հարցը մնում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական թեմաները։ Այս մասին Breitbart News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Կարծում եմ՝ այստեղ հիմնական խնդիրը տարածաշրջաններն են, ատոմակայանը և այն, թե ինչպես կարող են ուկրաինացիներն օգտագործել Դնեպր գետը և հասնել օվկիանոս», - ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։

«Կարծում եմ, որ մենք մեծ աշխատանք ենք տարել խնդիրների շրջանակը նեղացնելու ուղղությամբ: Հիմնական խնդրահարույց հարցերը հինգ տարածաշրջաններն են: Ռուսաստանը վերահսկում է, ճնշող վերահսկողություն ունի այդ շրջաններից երկուսի նկատմամբ: Ուկրաինացիները որոշ աստիճանի վերահսկողություն ունեն մյուս երեք շրջանների նկատմամբ, ուստի խոսքը գնում է այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատելու իրավիճակը. կա տարբերություն առաջնագծի, զորքերի տեղակայման և վարչական սահմանների միջև։ Մենք ոչ պաշտոնական բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ», - նշել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է քննարկումների ընթացքում հասկանալ, թե ինչի է պատրաստ համաձայնել Ռուսաստանն այս շրջանների մի մասում՝ արդյո՞ք կհամաձայնի նահանջել որոշակի վարչական սահմաններից: Նա նշել է, որ նույնը վերաբերում է ուկրաինացիներին:

«Զապորոժիեի ատոմակայանն այս քննարկումների կարևոր մասն է, այն շատ մեծ նշանակություն ունի և փակ է, բայց մենք պետք է վերաբացենք այն, որովհետև այն մեծ քանակությամբ էլեկտրականություն է մատակարարում որոշ քաղաքների», - հավելել է նա՝ շեշտելով, որ խնդիրը նաև այն է, որ առայժմ չի հաջողվել երկու կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները մեկընդմիշտ ՌԴ-ինն են, և որ այդ հարցը փակված է։ Ապրիլի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջարկ չի ստացել Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, կբացատրի, որ ատոմակայանի վերահսկողության փոփոխությունն անհնար է։

 

  • Կիսվել: