Թուրքիայում Էրդողանի մահվան մասին լուրեր են տարածվել
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ կիբերանվտանգության հարցերով վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ինչպես հաղորդել են ոստիկանությունից՝ #ölmüş (մահացել է) հեշթեգի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն այսօր իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ նախագահ Էրդողանը ողջ-առողջ է:
Հաղորդվում է նաև, որ 30 հոգի կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահին վիրավորելու և զրպարտելու համար:



