հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Թուրքիայի խորհրդարանում ընտրվելու է նոր նախագահ

Թուրքիայի խորհրդարանում ընտրվելու է նոր նախագահ

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (TBMM) ընդհանուր նիստում կանցկացվի 28-րդ օրենսդիր ժամանակաշրջանի երկրորդ փուլի խորհրդարանի նախագահի ընտրություն: Ընտրությանը մասնակցելու են 5 թեկնածու, քվեարկությունը գաղտնի կլինի, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP) որպես թեկնածու է առաջադրել ներկայիս խորհրդարանի նախագահ, Ստամբուլի պատգամավոր Նուման Քուրթուլմուշին: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջադրել է Արդվինի պատգամավոր Ուղուր Բայրաքթութանին, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (DEM)՝ Դիարբեքիրի պատգամավոր Օսման Ջենգիզ Չանդարին, Լավ կուսակցությունը (İYİ Parti)՝ Ստամբուլի պատգամավոր Մուստաֆա Ջիհան Փաչաջըին, իսկ Նոր ճանապարհ կուսակցությունը՝ Սամսունի պատգամավոր Մեհմեթ Քարամանին:

Առաջին երկու քվեարկություններում կպահանջվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը, երրորդ քվեարկությունում՝ պարզ մեծամասնություն: Եթե երրորդ քվեարկությունում պարզ մեծամասնություն չապահովվի, ապա ամենաշատ ձայն ստացած երկու թեկնածուների միջև կկայանա չորրորդ քվեարկություն: Չորրորդ քվեարկությունում ամենաշատ ձայն ստացած անդամը կընտրվի մեջլիսի նախագահ:

Մինչ օրս Թուրքիայի մեջլիսի նախագահության պաշտոնը զբաղեցրել են 30 պատգամավորներ: Եթե Նուման Քուրթուլմուշից բացի մեկ ուրիշն ընտրվի, նա կդառնա 31-րդ նախագահը: Ամենաերկար ժամանակ այս պաշտոնում եղել է Մուսթաֆա Աբդյուլհալիք Ռենդան՝ 11 տարի (1935-1946), իսկ ամենակարճ ժամանակ՝ Իսմեթ Սեզգինը՝ 2 ամիս 1 շաբաթ:

 

  • Կիսվել: