Թուրքիան հայտարարել է Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին
Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Reuters-ը:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ:
Նա ասել է. «Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ` առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»:
Չավուշօղլուն նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին՝ չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում. «Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրաքի միջև հարաբերությունները սրվել էին ԱՄՆ-ի կողմից Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո: Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: