Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին՝ որոշակի պայմանով. Politico
Politico պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագծին, եթե փաստաթուղթը փոփոխվի՝ արտաքին քաղաքականության ոլորտում իր լիազորություններն ընդլայնելու համար։ Ըստ Սպիտակ տան և Կոնգրեսի աղբյուրների՝ վարչակազմը պնդում է, որ Կոնգրեսը չպետք է վերահսկի նախագահի արտաքին քաղաքականությունը, և օրինագիծը պետք է պետության ղեկավարի հայեցողությամբ պատժամիջոցներից լիակատար ազատման հնարավորություննախատեսի։
Նախագծի ներկա տարբերակը նախագահին թույլ է տալիս 180 օրով չեղարկել 500-տոկոսանոց մաքսատուրքերը ռուսական նավթ և ուրան գնող երկրների համար։ Սենատոր Լինդսի Գրեհեմը, որը ներառված է Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, համաձայնել է հետաձգման ժամկետը երկարաձգելու հնարավորությանը՝ Կոնգրեսի հետագա վերահսկողության պայմանով։ Սակայն վարչակազմը պահանջում է վերացնել վերահսկողության այդ մեխանիզմը։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը շեշտել է, որ ինքն օրինագիծը քննարկում է «շատ ուշադիր» և պնդում է, որ նոր պատժամիջոցները պետք է սահմանվեն բացառապես «իր հայեցողությամբ»։ Նա միաժամանակ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հարցով լուրջ խաղաղության բանակցություններ սկսելուց հրաժարվելու կապակցությամբ, չնայած Թրամփի ամիսներ շարունակ գործադրած ջանքերին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով Ռուսաստանի ղեկավարությանը հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությունը։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 80 սենատոր արդեն ստորագրել է օրինագիծը, Կոնգրեսի հանրապետականները չեն շտապում այն քվեարկության դնել, քանի դեռ չեն ստացել Թրամփի հստակ աջակցությունը։ Կոնգրեսի բարձրաստւճան անդամներից մեկը հայտարարել է, որ ինքը կաջակցի պատժամիջոցներին, եթե նախագահը դա անի։
Այսպիսով, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը կախված է բացառապես Դոնալդ Թրամփի դիրքորոշումից։