երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիային տիրելու համար

Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիային տիրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։  Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում

«Կարծում եմ՝ մենք երբևիցե չենք հասնի այդ կետին։ Դա կարող է տեղի ունենալ…. Ես դա չեմ բացառում։ Ես չեմ ասում, թե պատրաստվում եմ դա անել, բայց ոչինչ չեմ բացառում։ Գրենլանդիան մեզ շատ է անհրաժեշտ։ Գրենլանդիայում մարդկանց շատ փոքրաթիվ խումբ կա, որոնց համար մենք հոգ կտանենք, և մենք կփայփայենք նրանց։ Բայց մեզ այն անհրաժեշտ է միջազգային անվտանգության համար», - ասել է Թրամփը։

Նա նշել է, որ կղզու շուրջ շատ են ռուսական և չինական նավերը, ավիակիրները, ուստի ԱՄՆ-ն պետք է պաշտպանված լինի։

Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահը բազմիցս առաջ է քաշել Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելու գաղափարը, ինչը լայնորեն դատապարտվել է և մտահոգություն առաջացրել ինչպես կղզում, այնպես էլ համաշխարհային դիվանագիտական ​հանրության շրջանում։ Գրենլանդիան, որը Դանիայի կազմում ինքնավար տարածք է, Միացյալ Նահանգների կողմից դիտվում է որպես ռազմավարական տեսակետից կարևոր ինչպես պաշտպանության համար, այնպես էլ որպես հանքային պաշարների ապագա աղբյուր։

 

  • Կիսվել: