Թրամփի մեքենան ձիերի ուղեկցությամբ մուտք է գործել Սաուդյան Արաբիայի թագավորական պալատ
Պետական այցով Սաուդյան Արաբիայի թագավորությունում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Էր Ռիադի ալ-Յամամա թագավորական արքունիք։ Այս մասին հայտնում է սաուդական լրատվական գործակալությունը (SPA)։
Թրամփի մեքենան ուղեկցել են ձիեր՝ հեծյալներով, որոնք կրել են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի դրոշներ։
Այնուհետև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը դիմավորել է Թրամփին, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը։
Ալ-Յամամա պալատ մուտք գործելուց հետո ամերիկյան պատվիրակությանը մատուցվել է «սաուդական սուրճ»։
Դոնալդ Թրամփը և Մուհամեդ բին Սալմանը մոտ մեկ ժամ ողջունել են հավաքված սաուդյան-ամերիկյան պաշտոնյաներին, բարձրաստիճան զինվորականներին և բիզնես առաջնորդներին, որոնց թվում էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Nivdia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և այլոք։ Նախագահ Թրամփի խորհրդական և Tesla-ի ու SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն Էր Ռիադի թագավորական արքունիքում ճաշին մասնակցող բազմաթիվ VIP հյուրերի շարքում է։
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի օդանավն ուղեկցել են Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկիր։ Այս շաբաթ Թրամփը նաև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ մեկնելու նախաշեմին Վաշինգտոնը հայտարարել է այդ երկրին ավելի քան 1,4 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։