երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թեհրանը սպառնում է կրճատել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

Թեհրանը սպառնում է կրճատել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

Իրանը կսահմանափակի իր համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ կառույցի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե հունիսի 9-ին սկսվող նիստում հաստատվի բանաձևը, որով կհաստատվի, որ Թեհրանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ խախտել է ԱԷՄԳ-ի երաշխիքային պարտավորությունները:

«ԱԷՄԳ-ն չպետք է ակնկալի, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր լայն և բարեկամական համագործակցությունը», - հունիսի 8-ին՝ նիստից մեկ օր առաջ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Թեհրանը, եթե բանաձևն ընդունվի։

Իրանն ավելի վաղ արդեն նախազգուշացրել էր, որ խիստ քայլեր կձեռնարկի այն արևմտյան երկրների դեմ, որոնք Վիեննայում կայանալիք ԱԷՄԳ-ի նիստի ընթացքում կաջակցեն այդ բանաձևին:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կազմած ու ԱՄՆ-ի աջակցությունը ստացած բանաձևի նախագիծը հունիսի 5-ին տրամադրվել էր ԱԷՄԳ-ի Գործադիր խորհրդի 35 անդամներին, որոնք քառօրյա նիստ են անցկացնելու հունիսի 9-13-ը։

ԱԷՄԳ-ի վերջին զեկույցում նշվում է, որ Իրանը զգալիորեն մեծացրել է բարձր հարստացված ուրան արտադրելու ծավալը:

Վաշինգտոնն ու Թեհրանը արդեն հինգ փուլ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի հարստացման բոլոր գործողությունները, իսկ Իրանը մերժում է այդ պահանջը։

  • Կիսվել: