ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե դրանք բխեն Իրանի շահերից․ Մեհդի Սոբհանի

Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե դրանք բխեն Իրանի շահերից․ Մեհդի Սոբհանի

Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ դրանք բխում են Իրանի ժողովրդի և ազգային շահերից։

Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե կշարունակի՞ արդյոք Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ հաշվի առնելով Իսրայելի հետ ռազմական գործողությունների ավարտը։ 

«Բանակցություններ վարելու համար նոր պայմանավորվածություններ չունենք։ Այժմ ուսումնասիրում ենք՝ բանակցությունները մեր շահերից բխո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք բանակցությունների մեջ էինք, որոնք, սակայն, կանխվեցին»,-նշել է Իրանի դեսպանը։

Սոբհանիի խոսքով՝ հիմա խոսքը վերաբերում է նրան, թե Իրանը ո՞ր բանակցությունների սեղանի շուրջ պետք է շարունակի խոսակցությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բանակցություններն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից խափանվում են արդեն երկրորդ անգամ։ 

«Մենք պետք է վերադառնանք բանակցային այնպիսի սեղանի շուրջ, որը ոչ մեկ չի դադարեցնի։ Բանակցությունը դեռ չի նշանակում պայմանավորվածություն ունենալ, բայց մեզ համար բանակցությունների ուղին փակ չէ, պարզապես մենք պետք է տեսնենք, թե այդ բանակցությունները մեր ժողովրդի, մեր երկրի ու ազգային շահերի հետ համընկնո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե մենք գտնենք, որ դա բխում է մեր շահերից, ապա կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ մենք ուսումնասիրում ենք դա»,-շեշտել է Իրանի դեսպանը։ 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին հետագայում խաղաղ միջուկային ծրագրի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացման վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկություններին՝ դեսպանը շեշտել է, որ լրատվամիջոցներում շատ են լինում տեղեկությունները, սակայն Իրանը չի կարող հենվել դրանց վրա։

«Սպառնալիքը, համոզելն ու խրախուսելն Իրանի նկատմամբ չի գործում»,-ընդգծել է դեսպանը։  

 

  • Կիսվել: