Թեհրանում Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ
Իսրայելը Իրանի հետ հակամարտության վեցերորդ օրը հարված է հասցրել Թեհրանի Նոբոնյադ հրապարակին, որտեղ տեղակայված են Իրանի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակը և մի քանի գործարաններ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հարվածի տակ է հայտնվել նաև Լավիզան մետրոպոլիտենային տարածքը։
Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելը նաև հարվածել է Թեհրանից հյուսիս-արևմուտքում գտնվող Քարաջ քաղաքին։ Ըստ տեղեկությունների՝ պայթյուն է տեղի ունեցել Քարաջի օդանավակայանի մոտակայքում։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները քիչ առաջ ոչնչացրել են Իրանի ներքին անվտանգության գերատեսչության կենտրոնակայանը։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։