Թեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը հրաժարվեց և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան ճանապարհը։ Սա նրանց ընտրությունն է, կարծում եմ, որ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ալիևը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
Նա իր ուրախությունն է հայտնել, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղու շուրջ։ «Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն, արդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»։- նշել է Ադրբեջանի նախագահը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության հարցերը, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։