Թբիլիսիում պայթյունի պատճառը հայտնի է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի է ունեցել պայթյուն:
Պարզվում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ թթվածնային բալոն է պայթել, հայտնել են Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղեկացնում է eadaily.com-ը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, մասնավորապես, նշել են, որ նախնական տեղեկություններով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Ենթադրվում է, որ պայթել է թթվածնային բալոնը, ինչի հետևանքով տուժել են երկու աշխատողներ, որոնց շտապ օգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել: Մեկ մարդ մահացել է։
Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։