երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող հատվածում տեղի է ունեցել մարդկային ներդաշնակությունն ու առողջ ապրելակերպը խորհրդանշող նշանակալի տոնի՝ Յոգայի 12-րդ միջազգային օրվան նվիրված գլխավոր միջոցառումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

2014 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր՝ ընդգծելով դրա նշանակությունը մարդկության առողջության և բարեկեցության համար։ Որոշումը դարձել է միջազգային հանրության կողմից յոգայի մշակութային և մարդասիրական արժեքների ճանաչման կարևոր դրսևորում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ յոգան վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ֆիզիկական վարժությունների շրջանակներից և դարձել է մարդու ներքին ներդաշնակության, հոգևոր հավասարակշռության ու առողջ կենսակերպի համամարդկային խորհրդանիշ: Նրա դիտարկմամբ՝ յոգայի արժեքներն ու գաղափարները՝ ինքնակարգապահությունը, ներքին խաղաղությունը, պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ, արդիական են առավել քան երբևէ։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում յոգան վերջին տասնամյակներում լայն տարածում է գտել։ Այսօր այն հազարավոր մարդկանց առօրյայի մասն է՝ անկախ տարիքից և մասնագիտությունից։ Մեր երկրում գործում են յոգայի բազմաթիվ կենտրոններ, խմբեր և նախաձեռնություններ, անցկացվում են բաց դասեր, կրթական ու հանրային միջոցառումներ։ Յոգան նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջության ամրապնդմանը, այլև հոգեկան բարեկեցությանը, սթրեսի հաղթահարմանը և կյանքի որակի բարձրացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա նաև ընդգծել է՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնանում են փոխադարձ հարգանքի և մշակութային հարուստ երկխոսության ավանդույթներով, և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները ևս այդ համագործակցության գեղեցիկ դրսևորումներից են՝ նպաստելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և մշակութային արժեքների փոխանակմանը։

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայի, բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և կամավորներին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու և յոգայի համամարդկային արժեքները մեր հասարակության մեջ տարածելու համար։

«Թող այս օրը ևս մեկ անգամ հիշեցնի մեզ, որ առողջ հասարակության հիմքում առողջ մարդն է՝ ներդաշնակ իր մտքի, մարմնի և շրջապատող աշխարհի հետ։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, առողջություն, նոր ուժ և դրական լիցքեր»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

  • Կիսվել: