Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։
Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ով ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:
Մարկ Քազընսն իրլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր և վավերագրական ֆիլմեր:
Նաուել Պերես Բիսկայարտն արգենտինացի դերասան է, ով առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:
Մարկ Պերանսոնը կանադացի գրող, պրոդյուսեր և երկարամյա կինոհամադրող է, ով եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:
Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, ով 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։


