«Թալիբան»-ը հայտնել է Պակիստանում մի շարք թիրախների հարվածելու մասին
Դարձյալ լարված իրավիճակ է Աֆղանստանի և Պակիստանի միջև: Մասնավորապես՝ «Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտնել է Պակիստանի Բելուջիստանի նահանգում մի շարք թիրախների հարվածելու մասին, տեղեկացնում է EFE-ն:
Նշվում է, որ պաշտոնական Իսլամաբադը հայտնել է, որ խոցել են Աֆղանստանից արձակված չորս դրոն: Պակիստանցի զինվորականները զգուշացրել են, որ եթե սահմանային սադրանքները շարունակվեն, աֆղանցիները կարժանանան համարժեք պատասխանի:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին և 29-ի գիշերը Պակիստանն էր հարվածել Աֆղանստանին՝ հայտարարելով, որ ոչնչացրել է 29 զինյալի, ինչպես նաև զենքի և զինամթերքի պահեստներ: Աֆղանստանը հայտնել էր, որ հարվածների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել:
Հավելենք նաև, որ Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ «Թալիբանը» հերքում է մեղադրանքները: Կողմերը 2025 թ. հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն պարբերաբար խախտվում է։


