հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Տաջիկստանը պահանջում է, որ աֆղանստանցիները 15 օրվա ընթացքում լքեն երկիրը

Տաջիկստանը պահանջում է, որ աֆղանստանցիները 15 օրվա ընթացքում լքեն երկիրը

Տաջիկստանի իշխանությունները արշավ են սկսել աֆղանստանցի փախստականներին կալանավորելու և արտաքսելու համար, այդ թվում՝ նրանց, ովքեր ունեն կացության կարգավիճակ և սպասում են ներգաղթի գործերով որոշումների։ Khaama Press-ի փոխանցմամբ՝ փախստականներին տրվել է 15 օր՝ երկիրը լքելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում Տաջիկստանի անվտանգության ուժերն ամեն օր ձերբակալում են տասնյակ աֆղանստանցիների, հիմնականում տղամարդկանց։ Նրանց անմիջապես տանում են իրենց աշխատավայրերից՝ առանց ընտանիքներին տեղեկացնելու։ Ձերբակալվածներից ոմանք երրորդ երկրներում, այդ թվում՝ Կանադայում, վերաբնակեցման գործընթացի մեջ են, և հարկադիր արտաքսումը կարող է վտանգել նրանց անվտանգությունը։

Բաց աղբյուրների տվյալներով՝ Տաջիկստանում բնակվում է Աֆղանստանի ավելի քան 13 հազար քաղաքացի։ Նրանցից շատերը նախկին պաշտոնյաներ, զինվորականներ և նախորդ կառավարության աշխատակիցներ են, որոնք փախել են 2021 թվականին թալիբների՝ իշխանության գալուց հետո։ Գործակալությունն ընդգծում է, որ աֆղանստանցիների զանգվածային արտաքսման միտում է նկատվում ամբողջ տարածաշրջանում: Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվում նաև Իրանում և Պակիստանում:

  • Կիսվել: