ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սթարմերը և Մակրոնը քննարկում են միջուկային զսպումը, ՌԴ-ի վրա ճնշումն ու աջակցությունն Ուկրաինային

Սթարմերը և Մակրոնը քննարկում են միջուկային զսպումը, ՌԴ-ի վրա ճնշումն ու աջակցությունն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Լոնդոնում մեկնարկել է ֆրանկոբրիտանական գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գագաթնաժողովի մեկնարկին Մակրոնը հայտարարել է, որ քննարկման թեմաներից կլինեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Նա շեշտել է, որ բրեքսիթը ոչ մի կերպ չի ազդել երկու երկրների պատմական հարաբերությունների վրա: 

Սթարմերն իր հերթին նշել է, որ Լա Մանշի նեղուցում տիրող իրավիճակը «չի կարող այսպես շարունակվել», և որ կողմերը նոր մարտավարություն կմշակեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: 

Երկու ղեկավարներն էլ նշել են, որ կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային և կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: 

Բանակցությունների օրակարգում են նաև պաշտպանական համագործակցության ընդլայնումը, հրթիռների համատեղ մշակումը և համագործակցությունը միջուկային ոլորտում: Գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարել են, որ կպատվիրեն լրացուցիչ Storm Shadow հեռահար հրթիռներ և կմշակեն դրանց փոխարինող նոր համակարգեր:

Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են ավելի սերտ համագործակցել միջուկային զսպման ոլորտում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ արձագանքեն Եվրոպային սպառնացող ցանկացած վտանգի:  

Մակրոնը եռօրյա պետական այցով Մեծ Բրիտանիայում է հուլիսի 8-ից: Սա 2020 թվականին բրեքսիթից հետո ԵՄ անդամ երկրի ղեկավարի առաջին պետական այցն է Միացյալ Թագավորություն:

 

  • Կիսվել: