ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպասում է ուկրաինական կողմի հետ բանակցություններին

Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպասում է ուկրաինական կողմի հետ բանակցություններին

Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ շարունակում է սպասել ուկրաինացի բանակցողների հետ հանդիպմանը։ ՌԴ բանակցողները ժամը 10:00-ից կսպասեն ուկրաինական պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Վաղն առավոտյան, բառացիորեն ժամը 10-ից, մենք կսպասենք ուկրաինական կողմին, որը պետք է ժամանի հանդիպմանը», - մայիսի 15-ի ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները պետք է սկսվեին Դոլմաբահչեի նախագահական պալատում մայիսի 15-ին, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։

Ուկրաինայի պատվիրակությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ մայիսի 15-ին ժամանել էր Անկարա, որտեղից նրանք պետք է մեկնեին Ստամբուլ։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար ուղարկվող պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը առավոտից մինչև ուշ երեկո սպասել է ուկրաինացի բանակցողներին, օրվա վերջում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և վերադարձել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն՝ մայիսի 16-ին բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը հաստատելու համար։

Մայիսի 15-ի ուշ երեկոյան բանակցությունների կազմակերպմանը ծանոթ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին, և որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ շփումներ դեռևս նախատեսված չեն։ Այսպես է աղբյուրը մեկնաբանել այն տեղեկությունները, որ Ռուսաստանի, Ուկրաինայի բանակցողները և Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, մայիսի 16-ին կհանդիպեն Ստամբուլում։

 

  • Կիսվել: