Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի պետական կայքերի վրա կիբերհարձակումների հետ կապ ունենալը
Ռուսաստանը կապ չունի Ուկրաինայի պետական կայքերի վրա կիբերհարձակումների հետ: Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք։ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այդ կիբերհարձակումների հետ»,- Պեսկովի խոսքը մեջբերում է Hill-ը Twitter-ում։
Նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվային հայտնի է իր հասցեին հնչած մեղադրանքների մասին:
«Մենք գրեթե սովոր ենք այն բանին, որ ուկրաինացիներն ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին, նույնիսկ իրենց երկրում վատ եղանակի համար», – հավելել է մամուլի քարտուղարը:
Անցած ուրբաթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է գերատեսչության և մի շարք այլ պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակման մասին։ Պետական ծառայությունը պնդում էր, որ հաքերային հարձակման պատճառով անձնական տվյալների արտահոսք չի եղել, սակայն խոսքը վերջին տարիներին ամենահզոր կիբերհարձակման մասին է:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը քրեական գործ են հարուցել, ընդ որում, Ուկրաինայի մշակույթի նախարարությունում հայտարարել են, որ կիբերհարձակմանն իբր մասնակից է Ռուսաստանը։ Սակայն ավելի ուշ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Դեմիդյուկը ենթադրել է, որ հարձակումը կարող էին կազմակերպել Բելառուսական հատուկ ծառայությունները։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն եզրակացություններ անել այն մասին, թե ով է դրա հետևում կանգնած։