Ռուսաստանը և Ուկրաինան ծանր վիրավոր զինծառայողների փոխանակում կիրականացնեն
Ռուսաստանի նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև 18-ից 25 տարեկան զինծառայողներին։
Ըստ Մեդինսկիի՝ յուրաքանչյուր կողմից կփոխանակվի առնվազն 1000 զինծառայող։
«Մենք համաձայնության եկանք՝ իրականացնել մինչ այս եղած ամենամեծ փոխանակումը։ Առաջին հերթին բոլոր ծանր վիրավորները, առողջական ծանր վիճակում գտնվողները կփոխանակվեն՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Երկրորդ հերթին, նույն սկզբունքով, կփոխանակվեն երիտասարդ զինծառայողները, ովքեր մինչև 25 տարեկան են»,-նշել է նա:
Մեդինսկին հավելել է, որ հնարավոր է նույնիսկ՝ հազարից ավելի զինծառայողներ փոխանակվեն, հստակեցումներ կարվեն՝ տվյալները վերջնականապես ամփոփելուց հետո։