շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Ռուսաստանի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ «հիմնավորված» են. Քելոգ

Ռուսաստանի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ «հիմնավորված» են. Քելոգ

Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները «հիմնավորված են»՝ ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ «Սա արդարացի մտահոգություն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հարցը չի քննարկվում»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը կիսում է դաշինքի անդամ «ևս չորս» երկիր։

Քիթ Քելոգը նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան Ռուսաստանից դեռևս չեն ստացել հրադադարի առաջարկներով հուշագիր, սակայն նա կոչ է արել Կիևին չհեռանալ պատերազմը դադարեցնելու բանակցություններից։ Քելոգը կրկնել է, որ այդ գործընթացի հիմնական նպատակը հրադադարն է և «սպանությունների դադարեցումը»։

Բացի այդ, նա հայտնել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի անվտանգության խորհրդատուներ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը դարձյալ բանակցությունների հաջորդ փուլ կուղարկի Վլադիմիր Մեդինսկուն։

Ռուս անանուն բարձրաստիճան պաշտոնյաները Reuters գործակալությանն ասել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները «ներառում են արևմտյան առաջնորդներից պահանջ՝ գրավոր պարտավորվել դադարեցնելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը»։

Նրանց խոսքով՝ Ռուսաստանի նախագահն այդպիսով պահանջում է «պաշտոնապես բացառել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և նախկին խորհրդային մյուս հանրապետությունների անդամակցությունը» Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաև պնդում է Կիևի «չեզոք կարգավիճակը»։

  • Կիսվել: