Ռուսաստանի հարևանները չպետք է միանան թշնամական դաշինքներին. Մեդվեդև
Ցանկացած «արդյունք» ընդունելի է Ռուսաստանի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում երկրի հիմնարար շահերին՝ որպես Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ պետության, քանի դեռ հարևան երկրները չեն մտնում թշնամական տրամադրված ռազմական բլոկներ՝ իր դեմ ուղղված միջուկային ուժերով` ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իր Telegram ալիքում Մեդվեդևը խոսել է միջազգային իրավիճակի մասին։ Նա գրել է, որ ցանկացած երկիր նախապատվություն է տալիս ամենակարևոր առաջնահերթություններին` իր քաղաքացիների պաշտպանությանը և պետական անկախությանը, և այդ պաշտպանությունը, ըստ Մեդվեդևի, հնարավոր է ոչ միայն իր, այլ նաև այլոց տարածքում, եթե դրա համար հիմքեր կան:
Բացի այդ, Մեդվեդևը նշել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, սակայն պետք է նկատի ունենալ, որ պատմությունն անխոս առաջ է շարժվում։
«1945 թվականից ի վեր շատ բան է տեղի ունեցել, որն արմատապես փոխել է և՛ ուժերի հավասարակշռությունը աշխարհում, և՛ պետական սահմանների գծերը: Այդ իսկ պատճառով ցանկացած «արդյունք» մեզ համար ընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում Ռուսաստանի հիմնարար շահերին, քանի դեռ մեր քաղաքացիների վրա ուղղակի հարձակումներ չկան, քանի դեռ հարևան երկրները, որոնք նախկինում եղել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի կազմում, չեն մտնում մեր դեմ թշնամական ռազմական բլոկներ, որոնց ռազմավարական միջուկային ուժերը շուրջօրյա թիրախավորում են մեր հիմնական քաղաքները, և չեն սկսում սպառնալ մեր տարածքային ամբողջականությանը»,- հավելել է Մեդվեդևը։


