Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո. Պուտին
Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Ես հարցրել եմ (նախագահի օգնական, ՌԴ պատվիրակության ղեկավար) Մեդինսկիին, նա ասում է՝ հենց այսօր, իմ կարծիքով, խոսել է Կիևի պատվիրակության ղեկավարի հետ։ Սկզբունքորեն նրանք պայմանավորվում են հանդիպել հունիսի 22-ից հետո։ Բայց պետք է անմիջապես ասեմ, որ (խմբ.՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար) պարոն Ֆիդանը, էլ չեմ խոսում նախագահ Էրդողանի մասին, շատ բան են անում այդ կարգավորմանը հասնելու համար», - ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը ևս, իր կարծիքով, անկեղծորեն ձգտում է կարգավորման։
«Մենք անպայման կհենվենք Չինաստանից, Հնդկաստանից և BRICS-ի մյուս երկրներից մեր բարեկամների դիրքորոշման վրա, մենք մշտապես կապի մեջ ենք նրանց հետ այս հարցի շուրջ։ Նրանք նույնպես շատ մտահոգված են այս առնչությամբ։ Ես հանդիպում եմ այդ պետությունների ղեկավարների հետ։ Նրանք մեր գրեթե բոլոր զրույցներն սկսում են դրանով։ Եվ մենք շնորհակալ ենք նրանց այն բանի համար, որ մտածում են և տարբերակներ փնտրում», - ասել է Պուտինը: