Ռուբիոն Լավրովին փոխանցել է Վաշինգտոնի հիասթափությունը հակամարտության լուծման առաջընթացի բացակայության առնչությամբ
Մալայզիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի քննարկման հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել հակամարտության լուծման գործում առաջընթացի բացակայության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք շփում կունենանք նման ցանկացած հնարավորության դեպքում, ինչպես արեցինք այսօր: Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել՝ դժգոհություն և հիասթափություն առաջընթացի բացակայության պատճառով», - նշել է Ռուբիոն:
Նա հավելել է, որ Լավրովի հետ փոխանակել են որոշ գաղափարներ, որոնք նա կքննարկի Վաշինգտոնում:
«Դա անկեղծ, կարևոր զրույց էր: Մենք քննարկել ենք նաև այլ հարցեր, որոնք կապված չեն Ուկրաինայում պատերազմի հետ, բայց դա, ակնհայտորեն, մեր քննարկած գլխավոր թեման էր», - նշել է Ռուբիոն:
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հիասթափված է, որ ռուսական կողմը ճկունություն չի ցուցաբերում հակամարտությանը վերջ դնելու համար: Ռուբիոն հիշեցրել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը բավական ժամանակ և եռանդ է տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը, սակայն բավարար առաջընթաց չի գրանցվել:
«Մենք պետք է տեսնենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես է այս հակամարտությունն ավարտին հասցվելու», - նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշ գաղափարներ են փոխանակվել ռուսական կողմի հետ:
ԱՄՆ պետքարտուղարը նաև չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը. այդ հարցը համակարգվում է Կոնգրեսի հետ:
Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե: