ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՌԴ–ում երբեք չեն մոռանա, որ Մեծ Հայրենականում հայ ժողովուրդը կռվել է ֆաշիզմի դեմ․ դեսպան

ՌԴ–ում երբեք չեն մոռանա, որ Մեծ Հայրենականում հայ ժողովուրդը կռվել է ֆաշիզմի դեմ․ դեսպան

Այսօր, երբ մենք ստիպված ենք դիմակայել պատմությունը վերաշարադրելու փորձերին, ժամանակն է պաշտպանել այն Մեծ հաղթանակը, որը մեզ համար ձեռք են բերել մեր պապերն ու նախապապերը: Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձում։
 
«Ցավոք, 80 տարի անց մենք տեսնում ենք նացիստական գաղափարախոսության թունավոր սերմերի ծիլերը, որոնք, թվում էր, մեր նախնիներն ընդմիշտ արմատախիլ են արել։ Մեր սրբազան պարտքն է թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրումը, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել մեր Մեծ հաղթանակի հիշատակը, որն այսօր փորձում են արատավորել ու սևացնել»,-ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։
Շնորհավորական ուղերձում նաև նշվում է, որ Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ուս ուսի քաջաբար մարտնչել է ֆաշիստական զավթիչների դեմ, իր լավագույն որակներն է դրսևորել և անգնահատելի ավանդ է բերել ընդհանուր հաղթանակին:
Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից չորսն արժանացել են մարշալի, մեկը՝ նավատորմի ծովակալի կոչման, իսկ նրանցից ավելի քան 100-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ: Ոչ պակաս կարևոր նշանակություն ուներ Հայկական ԽՍՀ ինժեներների և բանվորների անձնուրաց աշխատանքը, որոնք կարողացան ապահովել Կարմիր բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքի անխափան արտադրությունը։
 
«Հայ ժողովուրդը բարձր գին վճարեց հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չվերադարձան պատերազմից։ Գլուխ ենք խոնարհում ողջ բազմազգ Խորհրդային Միության որդիների և դուստրերի հերոսության` ի հիշատակ նրանց հերոսության»,-նշել է Կոպիրկինը։
Ռուս դիվանագետը երախտիքի առանձին խոսքեր է հղել վետերաններին՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու ամրություն:

  • Կիսվել: