ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 միլիարդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ռուսաստանում թիրախներին անօդաչու թռչող սարքերի հարվածները: Գերատեսչության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումով գործողության արդյունքում ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Ծառայությունը հայտնել է նաև, որ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։ Ուկրաինական կողմը խոստացել է հատուկ գործողության լրացուցիչ մանրամասներ հրապարակել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանի ռազմական օդանավակայանների վրա։ «Ուկրաինսկա պրավդան», հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դա Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած լայնածավալ հատուկ գործողություն էր։ Թերթի տվյալներով՝ հարձակման հետևանքով խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3, վնասը գնահատվել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Հատուկ գործողությունը կոչվում է «Սարդոստայն»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հինգ ռազմական օդանավակայաններից երեքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։