ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր, վիրավորներ
Ռուսաստանը գիշերը խոցել է երկրի ուղղությամբ արձակված 155 անօդաչու թռչող սարք, որոնցից 86-ը՝ սահմանամերձ Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հարվածների թիրախում են հայտնվել նաև այլ մարզեր։ Տուլայի նահանգապետը հայտնել է ԱԹՍ-ների հարվածներից 1 զոհի, 1 վիրավորի մասին։ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով ևս մեկ մարդ զոհվել է Լիպեցկի մարզում, 1-ը՝ վիրավորվել։ Ըստ Telegram-յան մոնիթորինգային ալիքների՝ պայթյուններ են լսվել նաև Տուլայում։
«Ռոսավիացիա»-ն հայտնել է Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում չվերթերի ժամանակավոր սահմանափակումների մասին։ Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանում ևս գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Ռուսական հարվածներից էլ վաղ առավոտյան Խարկովում 1 մարդ է վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նիկոլաևում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իսկ հուլիսի 10-ի ուշ երեկոյան Խարկովում 2 մարդ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել ռուսական հարվածներից։ Լույս հուլիսի 10-ի գիշերը Կիևին հասցված հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասել է 26-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև 2 զոհի մասին։