ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 1000 մարդ։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոսի-ն։
«Երեք օրվա ընթացքում՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին, վերադարձվել է 880 ռուս զինծառայող և 120 քաղաքացիական անձ»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը լիովին կատարել են գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ստամբուլում բանակցությունների ընթացքում։
Մայիսի 23-ին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածության շրջանակում Կիև է տեղափոխել 270 զինվորական և 120 խաղաղ բնակիչ։ Ուկրաինան, իր հերթին, գերությունից ազատել է 120 խաղաղ բնակչի և 270 ռուս զինվորի։
Հաջորդ օրը կողմերը նոր փոխանակում են իրականացրել։ Երկրորդ փուլի շրջանակում Ռուսաստանի Դաշնությունը ընդունել է 307 զինծառայող և նույնքան զինվոր վերադարձրել Ուկրաինա։
Մայիսի 25-ին 303 ռուս զինվոր վերադարձել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինա է տեղափոխել նաև 303 զինվորական։