ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Քրդական բանվորական կուսակցության մարտիկներն այրել են զենքերը՝ սկսելով զինաթափման գործընթացը

Քրդական բանվորական կուսակցության մարտիկներն այրել են զենքերը՝ սկսելով զինաթափման գործընթացը

Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 30 մարտիկ Իրաքի հյուսիսում քարանձավի առջև այրել են իրենց զենքերը՝ խորհրդանշական սկիզբ դնելով Թուրքիայի դեմ 40 տարվա զինված պայքարին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Իրաքի Սուլեյմանիյա քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Դուկան քաղաքի քարանձավներից մեկի մուտքի մոտ։ Տարածված տեսանյութերում մարտիկները, որոնց կեսը կանայք են, հերթով վայր են դնում իրենց տարբեր տեսակի զենքերը, որից հետո կրակ է բարձրանում դեպի երկինք։ Արարողությանը հետևել են քուրդ, իրաքցի և թուրք պաշտոնյաները։

ՔԲԿ-ի չորս հրամանատար թուրքերենով կարդացել են հայտարարություն՝ հայտնելով զինաթափման որոշման մասին։

«Մենք կամավոր կերպով ոչնչացնում ենք մեր զենքերը՝ ձեր ներկայությամբ, որպես բարի կամքի և վճռականության դրսևորում», – ասել է ՔԲԿ-ի բարձրաստիճան մարտիկներից մեկը, որից հետո նույն հայտարարությունն ընթերցվել է քրդերենով։

Առայժմ պարզ չէ, թե երբ տեղի կունենան զենքի հետագա հանձնումները։

ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։  

Ավելի վաղ Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին հայտարարել էր ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

 

  • Կիսվել: