Պուտինը մոտ ապագայում կայցելի Թեհրան. ՌԴ-ում Իրանի դեսպան
Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր, և Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։
Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են Պուտինի՝ Իրան կատարելիք այցին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Պուտինն առաջին անգամ այցելել է Իրան 2007 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու մերձկասպյան երկրների երկրորդ գագաթնաժողովին: Այդ ժամանակ նա առաջին անգամ հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Հաջորդ այցը տեղի է ունեցել ութ տարի անց՝ 2015 թվականի նոյեմբերին, երբ Իրանի մայրաքաղաքում անցկացվում էր գազ արտահանող երկրների ֆորումը:
Պուտինը կրկին այցելել է Թեհրան 2017 թվականի նոյեմբերին, որի ժամանակ տեղի են ունեցել Իրան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունները:
2018 թվականի սեպտեմբերին Իրանի մայրաքաղաքում Պուտինը մասնակցել է Սիրիայի կարգավորմանը նպաստող Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երրորդ հանդիպմանը:
2022 թվականի հուլիսին Պուտինը կրկին այցելել է Թեհրան՝ մասնակցելու Աստանայի ձևաչափով յոթերորդ հանդիպմանը:
Ռուսաստանի նախագահի Իրան կատարած բոլոր հինգ այցերն էլ աշխատանքային բնույթ էին կրում: